Կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը Մարտակերտի փրկիչներն են, հերոսները՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ապրիլյան պատերազմում զոհված իր ընկերներին եւ վաշտի հրամանատարին այսպես է նկարագրել ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը: Նա տասն օր առաջ է վիրավորվել եւ Ստեփանակերտի հոսպիտալում է:
«Եթե չլինեին այս չորսը, Մարտակերտը կարող էր հիմա չլիներ: Այս մարդկանց մասին պետք է դարերով խոսվի, իսկական հերոսներ են»,- ասաց Հայկ Բադալյանը: Նրա խոսքով՝ Արմենակ Ուրֆանյանը գիտակցված մահվան է գնացել՝ որոշելով ոչ մի դեպքում չնահանջել, երբ հակառակորդի թիվը տասնապատիկ գերազանցում էր իրենց: Քյարամին, Ռոբերտին ու Անդրանիկին Հայկը միշտ հիշելու է որպես ընկերասեր, հետաքրքիր ու հայրենասեր իր մարտական ընկերների, որ ապագայի մեծ ծրագրեր ունեին: «Քյարամի երազանքը տուն սարքելն էր»,- հիշում է Հայկը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: Ապրիլի 2-ի գիշերը ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը, որտեղ հերթապահություն էր իրականացնում 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ, ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, իսկ հետո գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակն իր 6 մարտիկներին հրամայում է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունում է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցում էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղում թշնամու առաջին փորձը եւ խփում մեկ տանկ:
Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվում, թշնամին դեպի դիրքեր փորձում է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացնում է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով նահանջում է: Հակառակորդի ինժեներական տեխնիկան նույնպես ոչնչացնում է վաշտի հրամանատարը՝ նռնականետով: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհում է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակում հրետակոծությունը: Արմենակը սպանվում է արկի պայթյունից: Նրա հետ զոհվում է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարում է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գումարտակի հրամանատարության հետ, նրա վերջին նախադասությունն է.. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»: Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990-ի հունվարի 28-ին, Երեւանում:
Նա զբաղվել է թեյքվանդոյով, սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Այս տարվա հունվարին երիտասարդը նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: